Հրաչիկ Եզեկիմի Սևոյանը`բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, ՀՀ գրողների միության անդամ, մասնագիտությամբ`տնտեսագետ, մանկավարժ, ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Կրթությունը ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում: 1950 թվականին ավարտել է դպրոցը և 1951թ.-ին ընդունվել է Երևանի ֆինանսական տեխնիկումը: Նույն տարում զորակոչվել է Խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո շարունակում է ուսումը և տեխնիկումն ավարտելուց հետո`1954թ.-ին ընդունվում Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1959թ.-ին, երբ ավարտում է համալսարանը, ամուսնանում է և կազմում մի հրաշալի հայկական ավանդական ընտանիք: Ունենում է երեք զավակ` մեկ որդի և երկու դուստր, որոնց նվիրվում է անմնացորդ:
1959թ.-ին աշխատում է ՀՍՍՀ ֆինանսների նախարարությունում`որպես ավագ տնտեսագետ, այնուհետև Շինարարության նախարարությունում`որպես ֆինբաժնի, ապա`պլանբաժնի վարիչ: Ճիշտ է, մասնագիտությամբ տնտեսագետ էր, սակայն ոգով և սրտով բանաստեղծ ու մանկավարժ էր Հ. Սևոյանը: 1969 թվականից սկսվում է նրա մանկավարժական գործունեությունը: Սկզբում դասավանդում է Երևանի ֆինանսական տեխնիկումում և կատարում վերջինիս հեռակա ուսուցման բաժնի վարիչի պաշտոնը: Այդ տարիներին ստանձնում է նաև ՙՀայաստանի ժողովրդական տնտեսություն՚ ամսագրի պատասխանատու քարտուղարի պաշտոնը: 1970-1975 թթ. աշխատում է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում`որպես քաղտնտեսության ամբիոնի դասախոս, միաժամանակ քաղտնտեսություն է դասավանդում Երևանի պետհամալսարանում, ժողովրդական տնտեսության և Գեղարվեստաթատերական ինստիտուտներում: Նա եղել է նաև գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտում: 1978-1980 թթ. աշխատել է Հայհրատպետկոմում, սկզբում որպես ավագ, ապա` առաջատար խմբագիր: 1980 թվականից ՙՍովետական գրող՚ հրատարակչության պլանավորման բաժնի վարիչն էր:
Չնայած իր աշխատանքային ծանրաբեռնվածությանը` Հ. Սևոյանը թողել է հրաշալի գրական ժառանգություն: Նրա բազմաթիվ ստեղծագործությունները, որոնք լույս են տեսել տարբեր գրքերով, թարգմանությունները, Սայաթ-Նովայի կյանքին վերաբերող գրականագիտական աշխատությունը, նույնիսկ դիսերտացիայի թեման վկայում են այն մասին, որ Հ. Սևոյանը կոչումով բանաստեղծ էր: Ծանր հիվանդությունը ընդհատեց նրա կյանքը 62 տարեկան հասակում: Աճյունը ամփոփված է Երևանում: Նա իր կյանքի ուղին անցավ անբիծ` մաքառելով ազնվության, արդարության ու բարու հաղթանակի համար: